1500 երեխա ֆլեշ-մոբ կիրականացնեն ընդդեմ Անի քաղաքում շարունակվող մշակութային ջարդի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1500 երեխա մոմավառություն կկատարեն ի դեմ Թուրքիայի կողմից Անի քաղաքում շարունարկվող մշակութային ջարդի: Ապրիլի 18-ին Հանրապետության հրապարակում կայանալիք ֆլեշ-մոբի և մոմավառության մասին ասաց մտահաղացման հեղինակ և կազմակերպիչ, «Հայ Ասպետ» ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:
«Մեր հոգում ծնված բողոքը որոշեցինք շարունակել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելով ստորագրահավաք, որի արդյունքում 10 հազար երեխաների ստորագրություններով հաստափոր մի գիրք ուղարկեցինք UNESCO-ի նախագահին մեր հովանավորներից մեկի՝ Արա Աբրահամյանի միջոցով, ով նաև հանդիսանում է UNESCO-ի բարի կամքի դեսպան», - ասաց Կարին Տոնոյանը:
Ինչպես հավելեց «Հայասպետի» հիմնադիր-տնօրենը, այս ամբողջ գործընթացի եզրափակումը կկայանա ապրիլի 18-ին Հանրապետության հրապարակում:
«Արդեն յոթերորդ տարին է «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման հաղթող թիմերին առաջնորդում ենք դեպի մեր պատմական հայրենիք, ինչն էլ հանդիսանում է հաղորդման գլխավոր մրցանակը: Յոթ տարի մենք տեսնում ենք, թե ինչպես Թուրքիան համառորեն շարունակում է իրականացնել մշակութային ցեղասպանությունը մշակութային մեր կոթողների վերանորոգման անվան տակ», - մտահղացման առիթով ասաց Կարին Տոնոյանը:
Նա հավելեց, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես զբոսավարները Անիում օտարերկրյա զբոսաշրջիկներին հայկական գրերը եկեղեցիների պատերի վրա ներկայացնում էին որպես արդեն գոյություն չունեցող ցեղերի գրեր և հորդորում ուշադրություն չդարձնել դրանց վրա: