«Ականատեսը». Կնյազ Շիրինյանն ապրում է կորցրած հայրենիքը` Ալաշկերտը, նորից տեսնելու անմար հույսով

6 րոպեի ընթերցում

ՋԱՆՖԻԴԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում բնակվող Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների որոնումները մեր ստեղծագործական խմբին տարան Ջանֆիդա: Գյուղը Արաքսի ափին է, Թուրքիայի հարևանությամբ: 1915-1918թթ. տեղի ունեցած ջարդերի հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից շատերը վերաբնակվել են Ջանֆիդայում: Գյուղի ամենատարեց բնակիչը 103-ամյա Կնյազ Շիրինյանն է: Ծնվել է Ալաշկերտի Զրչի գյուղում:

«Եկել ենք 1915 թվականի գաղթի ժամանակ: Սկզբում բնակվել ենք Եվջիլարում, հետո Թալինի շրջանի Թալին գյուղում և վերջում այստեղ»,- ասում է պատմական իրադարձությունների ականատեսը: Նա գաղթի ժամանակ, ինչպես ինքն է բնորոշում, գրկանոցի երեխա է եղել, ում ճանապարհին դրել են եզան վրա գցած խուրջինի մեջ: Ծննդավայրն առատ անասնապահության և հողագործության երկիր էր: «Անասուն շատ էինք պահում, հողամաս, դաշտերն էին շատ»,- նկատում է Կնյազ Շիրինյանը:

Պատմական տեղեկանք

Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ VIII դարից (մ. թ. ա.): Ըստ հայկական աղբյուրների, Ալաշկերտը հիմնադրվել է II դարի վերջում (մ. թ.) Վաղարշ թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի նման թուրքական կառավարողների գործադրած բռնությունների, հարստահարության և բացահայտ ցեղասպանության հետևանքով Ալաշկերտը զրկվել է հայ բնակչությունից։ Նրանց մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է գաղթել ու բնակություն հաստատել ներկայիս ՀՀ–ի տարածքում: Այսպես, 1829 և 1878 թվականներին Ալաշկերտից բավական թվով հայեր գալիս ու բնակվում են այժմյան Մարտունու և Հոկտեմբերյանի շրջաններում։ Մարտունու շրջանում, որ այն ժամանակներում մտնում էր Նոր Բայազետի գավառի մեջ, նրանց զբաղեցրած տարածքը հայտնի դարձավ Նոր Ալաշկերտ անունով։ Մյուս համեմատաբար մեծ գաղթը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 —1915 թվականներին։ Սակայն Արևելյան Հայաստան գաղթած բնակչությունը Ալաշկերտի հայ բնակչության միայն մի մասն էր կազմում, նրա մնացած մասը 1895 և 1915 թվականներին բնաջնջվեց թուրքական ցեղասպանների կողմից։ Առաջին համ աշխարհային պատերազմի ընթացքում ցարական կառավարությունը ջանքեր է գործադրում Ալաշկերտի հովտում 50 հազար կազակներ վերաբնակեցնելու համար` այդ նպատակով այստեղ կառուցելով գյուղեր ու ճամբարներ, բայց 1917 թվականի ղեպքերը կասեցնում են Նիկոլայ II–ի մտադրությունները։

Գաղթելով Արևելյան Հայաստան ծնողների, քույերի և եղբայրների, հորեղբոր, ինչպես նաև այլ ազգականների հետ՝ նա հիշում է մի բեյի, ով իր ծննադավայրում շատ լավ է վերաբերվել, անգամ պաշտել է հայերին՝ մուսուլմաններին հորդորելով հայ աղջիկներին չնեղացնել:

«Կցանկանայի՞ք կրկին տեսնել Ալաշկերտը». հարցին ի պատասխան, մեկ դարն արդեն բոլորած ծերունին իր հաստատակամ պատասխանն ունի:«Լիության երկիր էր Ալաշկերտը, տավար և ոչխար ենք պահել, ապրուստը լավ է եղել: Ուտել-խմել է եղել: Մեր երկիրն այնտեղ էր, մեր հողն ու ջուրն այնտեղ էր»,-ընդգծում է ականատես-վերապրածը:

Հետադարձ հայացք նետելով՝ նշում է, որ գոհ է իր ապրած կյանքից, քանի որ առ այսօր առողջ է` ոտքով և ձեռքով:

Մեր պատմության հերոսն ամուսնացել է ծնունդով Ջանֆիդայից Վարդուհու հետ (ամուսնության ստույգ տարեթիվը չի մտաբերում), ունեցել վեց երեխա` երկու տղա, չորս աղջիկ: Այժմ բնակվում է տղայի, հարսի, թոռների և նրանց երեխաների հետ: Մինչև նախորդ տարի ակտիվ զբաղվել է գյուղի աշխատանքներով:

Ջանֆիդա գյուղի կենտրոնում են գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը և նորակառույց եկեղեցին: 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ջանֆիդացիների հիշատակը հավերժացնող՝ 1960-ական թվականներին կանգնեցված հուշարձանը վերաբացվել է երկու տարի առաջ: Այն անմիջական կապ ունի Կնյազ Շիրինյանի կենսագրության հետ, քանի որ նա նույնպես մասնակցել է Մեծ հայրենականին` հասնելով մինչ Կասպից ծով, Կերչ, մինչդեռ եղբայրը` Գուրգենը պատերազմից այդպես էլ չի վերադարձել:

Գյուղի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից է նաև 2014 թ. մայիսին բացված նորակառույց եկեղեցին, որն օծվել և անվանակոչվել է Սուրբ Կարապետի անունով: Եկեղեցին կառուցվել էռուսաստանաբնակջանֆիդացի բարերար Արթուր Կարապետյանի հովանավորությամբ: Գյուղաբնակները մեզ հետ զրույցում փաստեցին, որ հոգևոր կառույց ունենալն անհրաժեշտություն էր: Քրիստոնեական տարատեսակ արարողություններ կազմակերպելու նպատակով ջանֆիդացիները ստիպված էին գնալ հարակից գյուղերի եկեղեցիներ կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Նորակառույց եկեղեցու բացման փաստը թեպետ ուրախացնում է մեր պատմության հերոսին, սակայն նա զրույցի ընթացքում, կարծես չկտրվելով հայրենիքի մասին հիշողություններից, մեջբերում է, որ իր երկրում էր իսկական ժամն ու պատարագը:

«Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում բնակվում են շուրջ 30 ականատես-վերապրողներ. նրանցից ութը` մայրաքաղաքում:

Պատրաստեցին ՏաթևիկԳրիգորյանըևԱնահիտ Մինասյանը

Լուսանկարները՝ԷդուարդՍեպետչյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը