Քաղաքականություն

Վատիկանում Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագը համաշխարհային երևույթ էր. Հրանուշ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

Վատիկանում Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագը  համաշխարհային երևույթ էր. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապի կողմից մեր նահատակների ոգեկոչման արարողությունը պատմական, քաղաքական, հոգևոր, ազգային մեծ լիցք ուներ իր մեջ: Նմանատիպ կարծիք ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Վատիկանում տեղի ունեցածը համաշխարհային երևույթ էր: Վատիկանի բարձունքից, Սուրբ Պետրոս եկեղեցուց Հռոմի պապը աշխարհին ազդարարեց, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր. այո, նահատակվել են մարդիկ, և մենք պետք է ճանաչենք, դատապարտենք և դրանով կանխարգելենք մյուս ցեղասպանությունները: Ինձ համար յուրօրինակ խորհուրդ կա այս պատարագում, որովհետև երկրի Նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն կաթողիկոսը և Կաթողիկե առաջնորդը, համախմբված, Վատիկանում էին»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նաև բարձր գնահատեց աշխարհի բոլոր հատվածներից հայերի ժամանումը Վատիկան, որպեսզի միասին խնկարկեն մեր անմեղ զոհերին: Նա նաև հիշեց Շիրազի հետևյալ բառերը. «Բավ է հայեր ցրված մնանք մատների պես, բռունցքվել է մեր հաղթանակը», և նշեց, որ ժամանակն է ազգով մեկ համախմբենք մեր ուժերը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում