«Արյուն հիշողության համար» նախաձեռնությունը բացել և առաջինն արյուն է հանձնել Կանադայում ՀՀ դեսպանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում ապրիլի 12-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արյուն հիշողության համար» («Blood for Memory») նախաձեռնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախաձեռնությունն իրականացվում է Օնտարիոյի կանադահայ բժշկական ասոցիացիայի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի արյան ծառայության հետ համատեղ:
Նախաձեռնության նպատակն է 2015թ. ընթացքում հավաքել 1.5 մլն պինտա արյուն` նշանավորելով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Նախաձեռնությանը սկիզբ է դրվել Տորոնտոյի հայկական կենտրոնում: Միջոցառումը բացել և առաջինն արյուն է հանձնել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Նախաձեռնությունը շարունակվելու է Կանադայի տարբեր քաղաքներում: