Հայոց ցեղասպանություն

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Նիդերլանդներում կատարվել է հոգեհանգստյան կարգ

2 րոպեի ընթերցում

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Նիդերլանդներում կատարվել է հոգեհանգստյան կարգ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Արնեմ քաղաքում ապրիլի 11-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել են Գերդերլանդի հայ կանանց միությունը, Արնեմի հայ երիտասարդների միությունը և Արնեմի Հայ առաքելական եկեղեցին` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, կազմակերպիչների անունից ելույթ են ունեցել Մանուշակ Օհանեսյանը, Մինաս Արսենյանը և Ալիս Թովմասյանը:

Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել Նիդրելանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կոչ է արել համախմբման ու համբերատարության: Դեսպանը, մասնավորապես, նշել է. «Մենք պահանջ ունենք` արդարության պահանջ, որը մեր համախումբ ջանքերն է պահանջելու, մեր համառությունն ու համբերատարությունն է պահանջելու` մեր անհողդողդ պայքարն առաջ տանելու, որպեսզի վերջ դրվի անպատժելիությանը, ինչը շարունակվում է սնվել մերժողական գաղափարներով, քաղաքական նպատակահարմարությամբ, բացառապես տնտեսական ու ռազմավարական շահերով առաջնորդվող իշխանություններով, որոնք, իրենց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ հայտարարելով հանդերձ, քաղաքական քաջությունը չունեն` հանցագործությունն իր անունով կոչելու, այն լիովին դատապարտելու, մի հանգամանք, որը խանգարում է ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունը լիարժեքորեն իրականացնելու»:

Ոգեկոչման միջոցառմանը կատարվել է հոգեհանգստյան կարգ: Մասնակիցները 100 մոմ են վառել` ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ներկայացվել են հատվածներ 1983-1985թթ. Նիդերլանդների հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Բաբելոնի աշտարակ» հաղորդաշարից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: Երաժշտական համարներ են կատարվել «Նավասարդ» երգչախմբի կողմից, Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունների արտասանությամբ հանդես են եկել «Նոր այգ» կիրակնօրյա դպրոցի սաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում