Կալիֆորնիայի հայությունը գոհունակություն է հայտնել Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիոսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մասին ԱՄՆ ամենահայահոծ նահանգի հայության արձագանքն է փոխանցում The Los Angeles Times թերթը:

«ԱՄՆ հայ համայնքի համար պապը խիզախ քայլ կատարեց՝ չնայած Թուրքիայի Հանրապետության սպառնալիքներին» ,- ասել է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով` Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը հայերին թույլ չի տալիս ապաքինվել և առաջ շարժվել: «Դա նման է արյունահոսող վերքի, որը պարզապես չի լավանում: Այն չի փակվում, չի ապաքինվում»,- հավելել է Գլենդեյլի քաղաքապետը:

Սինանյանը հույս է հայտնել, որ Հռոմի պապի հայտարարությունը կխրախուսի Միացյալ Նահանգներին «դադարեցնել քաղաքական խաղերը» և ճանաչել ցեղասպանությունը: «Ես իսկապես հույս ունեմ, որ նախագահ Օբաման խիզախ քայլ կկատարի և կանի այն, ինչը ճիշտն է»,- The Los Angeles Times-ին ասել է նա:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես իր հայտարարությունում ասել է. «Պապի խոսքերը կոգեշնչեն մեր նախագահին և Կոնգրեսին՝ նման հանձնառություն ցուցաբերել և ճծմարիտը խոսել Հայոց ցեղասպանության մասին, հրաժարվել Թուրքիային բնորոշ ժխտողական և կոծկող քաղաքականությունից»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը մատուցում էր Հռոմի Ֆրանցիոսկոս պապը: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապի խոսքով` մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություն է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են: Թվում է, մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը չի կարողանում սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անսահման խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել է Հռոմի Ֆրանցիկոս պապը:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագը նախաձեռնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հայերեն English Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան