Քաղաքականություն

Գարեգին Բ-ն կարևորեց Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի վերծանման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն կարևորեց Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի վերծանման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարևորում է Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի վերծանման անհրաժեշտությունը: Այս մասին վեհափառը հայտարարեց Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ տեղի ունեցած պատարագի իր ելույթում:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին՝ անտարբեր չգտնվելու համար: Այս սրբազան պատարագին մենք երախտագիտության զգացումով ենք անդրադառնում Ձերդ մեծության նախորդներից Բենեդիկտոս 15-րդ պապին, ով բողոքի ձայն բարձրացրեց ընդդեմ Հայոց ցեղասպանության, իսկ Հովհաննես Պողոս 2-րդ պապը մեր հետ համատեղ հայտարարությամբ 2001թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա և հավելեց, որ հայ ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը, այլ ապաստան տվեցին վերապրածներին, խնամեցին որբերին՝ օգնելով հաղթահարել բազմատեսակ զրկանքներ:

«Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը կնպաստի ապահով և արդարացի աշխարհի կերտմանը»,- հավելեց կաթողիկոսը:

Նա նշեց, որ մեր ժողովուրդը իր հավատքի համար բազում զրկանքների է ենթարկվել: «Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիան նախապես ծրագրված իրագործեց 1,5 միլիոն հայերի աննկարագրելի դաժանությամբ սպանությունը և արմատախիլ արեց մեզ մեր պատմական հայրենիքից: Սակայն, ոչ տառապանք, ոչ մահ չսասանեց մեր ժողովրդին և չհեռացրեց իր սուրբ հավատքից: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ քրիստոնեությունն ունենք ոչ թե իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն: Մեր ժողովուրդը ուղղել է եղեռանահար մեջքը և վերելքի ուղին կերտել»,-շեշտեց վեհափառը:

Գարեգին Բ-ն փաստեց, որ ներկայումս Հայաստանն ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ և պայքարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կյանքի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում