Փոքրիկ հայ երգիչները Սալոնիկում մասնակցել են Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգի

2 րոպեի ընթերցում

Փոքրիկ հայ երգիչները Սալոնիկում մասնակցել են Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում ապրիլի 1-6-ը անցկացվել է Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված է եղել Հայաստանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ապրիլի 3-ին կայացել է երգչախմբի համերգը, որին ներկա են եղել Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Ներկայացվել են Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

Ապրիլի 4-ին և 5-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր է անցկացել փառատոնին մասնակից հունական երգչախմբերի հետ:

Ապրիլի 6-ին կայացել է փառատոնի գալա-համերգը` մասնակից ութ երգչախմբերի մասնակցությամբ` Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», Ստեփան Շաքարյանի «Մուշ», Սայ Միլերի «Let There Be Peace on Earth» ստեղծագործությունները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի են արժանացել հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում