Անդրանիկի լուսանկարը իրարանցում է առաջացրել Բաքվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նարիմանովի շրջանի Մոնտին ավանում գտնվող սրճարան-փաբերից մեկին ամրացված լուսամփոփին հայտնաբերվել է հայ զորավար Անդրանիկ Օզանյանի լուսանկարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az-ը, այս մասին տեղեկություն է հայտնվել Facebook-ում:
Կայքի փոխանցմամբ` «Ստարա Պրագա» փաբն աշխատեցնող անձը հայտնել է, որ այդ լուսանկարը նույն տեղում փակցված է եղել դեռեւս երկու տարի առաջ, երբ գնել է փաբը, եւ լուսանկարի տակ, իբր, գրված է եղել «Պյոտր Նիկոդիմովիչ Մոնտին», ով համարվում է Ադրբեջանում գինեգործության հիմնադիրը:
Սրճարանի սեփականատերը հայտնել է, որ ինքը միշտ կարծել է, որ դա Մոնտինի լուսանկարն է, եւ քանի որ ավանը եւս Մոնտինի անունով է, չի հանել այն:
Լուրը սոցցանցում հայտնվելուց անմիջապես հետո փաբ են այցելել շրջանի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները եւ իրենց հետ տարել են Անդրանիկի լուսանկարը: Սրճարանատերը հարցաքննության համար տարվել է Նարիմանովի շրջանային ոստիկանության թիվ 18 բաժանմունք: Վերջինիս ճակատագիրը հայտնի չէ: