Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարն այցելել է ՀՀ ոստիկանություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ՀՀ-ումՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար` Տկ. Քեյթ Պոչափսկին:Հանդիպմանը ներկա են եղել գրասենյակի իրավաբանական բաժնի փոխպաշտոնյա Սուսաննա Գրիգորյանը, ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության շրջանակներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները:
Վարդան Եղիազարյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է մարտի 4-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատմանը:
Հյուրերի կողմից դրական է գնահատվել այս օրենսդրական նախաձեռնությունը, որը նաև երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունք էր:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշել են հետագա համատեղ ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: