Հասարակական

Հոգևորականները համախմբվել են հայության պահանջատիրությունը մինչև վերջ հասցնելու համար

3 րոպեի ընթերցում

Հոգևորականները համախմբվել են հայության պահանջատիրությունը մինչև վերջ հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով գիտաժողովը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ: Գիտաժողովը մեկ հարկի ներքո է համախմբել Հայ Առաքելական եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գիտաժողովի բացման խոսքում հայտնեց իր ուրախությունն ու հպարտությունը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայաքվել են Հայ եկեղեցու բոլոր ուղղությունները ներկայացնող հոգևորականները: «100 տարի առաջ մեր հոգևոր հայրերը համախմբվել էին, որ դիմակայեն ազգին սպասվող վտանգին: Այսօր էլ մեր հայրերը համախմբվել են Հայ դատն առաջ տանելու ու հայության պահանջատիրությունը մինչև վերջ հասցնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով` դարեր շարունակ չունենալով պետականություն` ազգային ու հոգևոր կենտրոնների դերն իր վրա է վերցրել Հայ եկեղեցին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկաներին փոխանցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: «20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում հայերի հանդեպ գործադրված ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճանապարհը: Քայլեցինք Գողգոթայի ճանապարհով, ապրեցինք տառապանքներով և զրկանքներով ու սփռվեցինք ամբողջ աշխարհում: Ցեղասպանությանը հաջորդեցին պատմության վերաիմաստավորման և արդարության հասնելու դժվարին տարիները, որոնք 20-րդ դարի ավարտին արգասավորվեցին հայկական անկախ պետականության վերակազմավորմամբ»,-ասված էր Վեհափառի ուղերձում:

«Շատ ուրախ եմ, որ գիտական ուսումնասիրություններով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանց հաջորդող տարիներին հայ հոգոևականների իրականացրած առաքելությանը: Ինչպես հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում կրել է զրկանքներ, այդպես էլ միլիոնավոր նահատակ հայերի հետ նահատակության սեղանին է թողնվել նվիրյալ հոգևորականությունը»,-Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձից մեջբերեց Նաթան Սրբազանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձն էլ փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Սպահանի թեմի առաջնորդ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:

«Հայոց ցեղասպանության տարիներին հայ հոգևորականության մասին խոսել, հետևաբար, նշանակում է խոսել հայ եկեղեցիների մասին: Օսմանյան կայսրության ծրագրած ու գործադրած ցեղասպանության նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին ու վերացնել Հայաստանն աշխարհի քարտեզից: Կարդացեք ցեղասպանության տարիներին մեր ժողովրդի ողբերգության պատմությունը, հետևեցեք ցեղապանության զանազան դրվագներին, ու այդ բոլորի մեջ պետք է տեսնեք մեր եկեղեցու մնայուն ներկայությունը»,-ասված էր Արամ Ա-ի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում