Կոնստանցայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով է տեղի ունեցել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 3-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջեւ. հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ռումինիայի հայոց միության եւ Հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին ելույթ ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, Ցեղասպանության եւ Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես եկան պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը եւ Ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների բռնած ժխտողականության եւ անզիջում դիրքից վարվող քաղաքականության անընդունելիության մասին` դեսպան Գասպարյանը նշեց միջազգային համախմբման անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այդ առումով նա բարձր գնահատեց Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաեւ ԵԺԿ-ի հստակ եւ հատուկ բանաձեւերի նշանակությունը:
Գիտաժողովի ելույթներին հետևեցին քննարկումներ ռումինական ակադեմիական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներից կազմված լսարանի մասնակցությամբ: