Յոահիմ Գաուկը կդառնա Գերմանիայի առաջին նախագահը, ով կմասնակցի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը. heute.de
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկն (անկուսակցական) այս պահի դրությամբ պլանավորել է մասնակցել ապրիլի 23-ին Բեռլինում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագին: Այդպիսով, Գաուկը կդառնա Մեծ Եղեռնի ոգեկոչման արարողություններին մասնակցած գերմանացի առաջին նախագահը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական heute.de-ը (գերմանական երկրորդ ալիքի՝ ZDF-ի լրատվական թողարկում), նման հայտարարություն է արել նախագահի մամուլի խոսնակը: «Նախագահը կմասնակցի Բեռլինում նախատեսված եկեղեցական պատարագին` ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների կրած տառապանքների զոհերի հիշատակը»,- heute.de-ի փոխանցմամբ` ասել է խոսնակը: Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ իշխանական կոալիցիայում անհամաձայնություն կա Ցեղասպանության տարելիցին նվիրված բանաձեւի տեքստի վերաբերյալ: Կանաչների և ձախերի պատրաստած բանաձևում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը:
Tagesspiegel օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ եզրույթը տեղ էր գտել նաեւ կոալիցոն ուժերի՝ ՔԴՄ-ՔՍՄ եւ սոցիալ դեմոկրատների համատեղ զեկույցում, սակայն խմբակցությունների ղեկավարների եւ Արտաքին գերատեսչության ճնշման ներքո այն անհետացել է տեքստից: