Հայոց ցեղասպանությունը և նրա արձագանքները Ռուսաստանում. ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը և նրա արձագանքները Ռուսաստանում. ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության Ազգային գրադարանում բացվեց «Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի բարեգործակցությունը» ցուցահանդեսը, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցադրվող նյութերը պատմում են այն լայն արձագանքի մասին, որ առաջացրել էր Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված դարի ոճիրը:

Ցեղասպանության տարիներին Ռուսաստանի առաջադեմ մտավորականությունը, արտահայտելով իր զարույթը, դիմել էր կառավարությանը՝ պահանջելով դատապարտել թուրքերի ոճրագործությունը և նյութական աջակցություն ցույց տալ հազարավոր տուժածների ու փախստականների: Շուտով ամբողջ երկրով մեկ կազմակերպվում են օգնության կոմիտեներ և միություններ ու խորհուրդներ, որոնց ակտիվիստները սկսում են հավաքել և նյութական օգնություն ուղարկել կարիքավոր հայերին: Հատկապես արդյունավետ է եղել Ռուսաստանի Կարմիր Խաչի գործունեությունը հայկական փախստականների շրջանում:

Առանձին բաժնում ցուցադրված են Ցեղասպանության թեմայով հայ, ռուս, եվրոպացի գրողների գրքերը, հրապարակախոսական հոդվածները, ցեղասպանությունները վերապրածների հուշերը: Վալերի Բրյուսովի «Հայ ժողովրդի ճակատագրական պատմության տարեգրությունը» գրքի հետ կողք կողքի ցուցադրված են Գրիգոր Զոհրաբի «Նովելները» Սիամանթոյի բանաստեղծությունների ժողովածուն, Ֆրիտյոֆ Նանսենի «Հայ ժողովուրդը և Մերծավոր Արևելքը» աշխատությունը և այլն:

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Ռուսաստանի Դաշնության Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Անտոն Լիխանովը, Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սարգիս Տեր-Չոփուրյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Յուրի Կարապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում