Հասարակական

Ցեղասպանության ականատես-վերապրածներին մարզերում տրամադրվում են դեղեր և բժշկական պարագաներ

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ականատես-վերապրածներին մարզերում տրամադրվում են դեղեր և բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն է տրամադրում Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 1-ին այցելություն է կազմակերպվել Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է:Այցը գլխավորել է համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվել են բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ:

Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը:«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ: Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում