Իրավունք

Բրյուսելում ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը

3 րոպեի ընթերցում

Բրյուսելում ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի է ունեցել «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:

Համաժողովին Հայաստանը ներկայացրել են Արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Համաժողովի նպատակն է վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը:

Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին: Ներկայացվել է կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբՀայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

Համաժողովի արդյունքում ընդունվել է բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010թ.-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը և վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։ Հռչակագիրը ներառում է նաև գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում