Ամերիկյան լրատվամիջոցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման կարևորության մասին

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան լրատվամիջոցները բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հարցը շարունակում է գտնվել ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս անգամ խնդրին է անդրադարձել ամերիկյան yourcentralvalley.com կայքը: Այն տեղեկացնում է, որ Կալիֆորնիա նահանգում կայացած ուսուցիչների ազգային համաժողովի ժամանակ պատմության 30 ուսուցիչներից երկուսն են իմացել հայերի ցեղասպանության մասին:

«Դժբախտաբար, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ամենաքիչն է հայտնի նախորդ դարի ցեղասպանություններից: Փաստ, որ հասկանալի պատճառներով վրդովում է տեղի հայությանը, ովքեր ցեղասպանության վերապրածների ժառանգներն են, ովքեր իրենց հարազատներին և ընտանիքներին կորցրել են Օսմանյան Թուրքիայի կազմակերպած կոտորածների ժամանակ»,- գրում է կայքը:

Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Կալիֆորնիայի դպրոցների 10-րդ դասարանի ծրագրում ընդգրկվել է Հայոց ցեղասպանության ուսուցանումը: Իսկ վերջերս ընդունված օրինագիծը սահմանում է, որ պատմության նոր դասագրքեր տպագրվեն, որոնց մեջ նշված լինի ցեղասպանության մասին: Ֆրեզնո քաղաքում դպրոցականները Հայաստանի մասին սովորում են շատ փոքր տարիքից: Տարրական դասարաններում դասավանդվում է հայկական երաժշտություն, իսկ ավագ դպրոցումˋ Հայոց ցեղասպանության պատմություն:

2014 թվականի օգոստոսին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մասին` «Armenian Genocide Education Act (AB 1915)» բանաձևը: Նախագծի հեղինակն է սենատի անդամ Ադրին Նազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում