Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

4 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին բրիտանացի պատգամավորը նշեց «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ժամանակաշրջանը համընկել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ընթացքի հետ: Ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 24-ից երկու շաբաթ անց: Ուստի դա դժվարացնում է բրիտանացի խորհրդարանականների այցը: Սակայն ես այցելելու եմ Երևանում կայանալիք արարողությանը»,- հայտնեց նա:

Պատգամավորը դժվարացավ նշել, թե իրենից բացի արդյո՞ք այլ պաշտանյաներ ևս կայցելեն Հայաստան, թե ոչ. «Համոզված եմ` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն անպայման ներկա կլինի արարողությաը, սակայն կարծում եմ, որ ես կլինեմ Միացյալ Թագավորությունից ժամանած հիմնական ներկայացուցիչը»:

Իսկ մեր դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը` Ուիթինգդեյլը պատասխանեց. «Ինչպես մյուս երկրները, Բրիտանիան անկասկած ճանաչել է փաստը, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կոտորածներ են տեղի ունեցել: Դուք ճիշտ եք, որ դեռ պաշտոնական ճանաչում չի եղել: Ներկայումս մենք ցանկանում ենք բարելավել հայ-թուրքական հարբերությունները: Իմ կարծիքով` դա անելու համար կարևոր է, որ մարդիկ ճանաչեն և ոգեկոչեն տեղի ունեցածը: Անկախ նրանից` դա պաշտոնական ձևակերպում կստանա կառավարության կողմից, թե ոչ: Անգամ պաշտոնական ճանաչման բացակայության դեպքում ակներև է, որ այդ երկրի կառավարությունը ընդունում է, որ տարիներ տևած պատերազմը և կոտորածները հանգեցրել են 1.5 մլն հայերի սպանության»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում