Քաղաքականություն

Իրաքյան Քրդստանում հայկական հյուպատոսարան կբացվի առաջիկա մի քանի ամիսներին. Լևոն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանում հայկական հյուպատոսարան կբացվի առաջիկա մի քանի ամիսներին. Լևոն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար բոլոր ընթացակարգերն ավարտվել են:

Այս մասին իրաքյան "Իրաքի Հուր" թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարգսյանը Արբիլում նշել է, որ իր այցելության նպատակը Քրդստանի տարածաշրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելն է: «Բաղդադում հանդիպումներ եմ ունեցել Իրաքի փոխվարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի փոխանախարարի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, Արբիլում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հարցեր»,- նշել է Սարգսյանն՝ ավելացնելով, որ Բաղդադում Իրաքի տրասնպորտի նախարարի հետ քննարկվել են Իրաքի և Երևանի միջև թռիչքներ իրականացնելու հարցը: Նրա խոսքով` հյուպատոսարանը կբացվի առաջիկա մայիս կամ հունիս ամիսներին:

Հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ Իրաքում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է իրաքահայերի հետ: Բացի այդ, գոյություն ունի առաջնորդարան, որը կապող օղակ է հանդիսանում:

Նա նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ նշելով, որ մեծ միջոցառումներ են տեղի ունենալու 100-ամյակի տարելիցի առիթով: «Պաշտոնական հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ին, Ցեղասպանությունը ճանաչած երկրներին և անշուշտ հրավեր կուղղվի Իրաքի կառավարությանը և խորհրդարանին»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ հարցը նաև քննարկվել է Քրդստանի պաշտոնյաների հետ:

Լևոն Սարգսյանն այցելել է Իրաք, Բաղդադում և Քրդստանում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական պաշտոնյաների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև հայկական հասարակական և մշակութային կենտրոնների ներկայցուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում