Շոու բիզնես

Հայտնի է «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանի ելույթի համարը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանի ելույթի համարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Առաջին կիսաեզրափակիչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաեւ «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում