Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 78-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:«Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության, քարտուղարության և իմ անունից խոր վիշտ ենք հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան առթիվ: Կյանքից հեռացավ հայ թատրոնի և կինոյի ամենաինքնատիպ անհատականություններից, Գուրգեն Ջանիբեկյանի շառավիղներից մեկը, դերասանը, որը հատկապես մեր կինոյին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպավորումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ցավակցական ուղերձում:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961թ.-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: 1982թ. կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն` որպես դերասան:
Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիւմնադրած«Համազգային»թատրոնի առաջին անուններից էր:
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Կարեն Ջանիբեկյանի հերոսներն ունեին բարդ ճակատագրեր, ներքին մեծ ողբերգականություն, ազգային նկարագրի ընդգծումներ:
Նրա վաստակն ու ներբերումները միշտ կմնան մեր հիշողություններում: