Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Էրդողանի՝ Սփյուռքին ուղղված «մարտահրավերին»

3 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Էրդողանի՝ Սփյուռքին ուղղված «մարտահրավերին»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը «անարգանքի նշան» և «ցինիզմ» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջը հայկական սփյուռքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armeniangenocide100.org կայքը, այս մասին Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերում` մեկնաբանելով Էրդողանի կողմից հայկական սփյուռքին ուղղված՝ Ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի պահանջը:

«Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ փաստաթղթեր է նախագահ Էրդողանը ակնկալում Սփյուռքից, բայց կարծում եմ, որ նախագահ Էրդողանը բավականաչափ տեղեկացված է պատմական իրողություններին ու փաստաթղթերի այն հոծ բազմությանը, որը պահվում է թուրքական արխիվներում, կամ հենց հայկական արխիվներում, որոնք բազմիցս ուսումնասիրվել են նաև թուրք հետազոտողների կողմից, և միջազգային բազմաթիվ կենտրոններում»,- մասնավորապես, այդ առիթով ասել է Սարգսյանը:

«Խնդիրն այն է, որ Ցեղասպանությունը, նրա ժխտումը այսօր ակտուալ քաղաքականության խնդիր է, և Թուրքիան, փորձելով մտցնել այդ հարցը պատմական ուսումնասիրությունների դաշտ, փորձում է ցույց տալ, որ դա անցած, շուռ տված էջ է»,- ընդգծել է նա:

«Կարծում եմ՝ այսպիսի կոչը ևս անարգանքի նշան է, որովհետև պահանջել ապացուցել իր զոհ լինելը այն ժողովրդից, որը բնաջնջվել է այն քաղաքականության արդյունքում, որը դու հերքում ես, առնվազն ցինիզմ է և 100-րդ տարելիցի օրերին հատուկ բացասական ազդեցություն է թողնում: Հենց դա է ցույց տալիս Ցեղասպանության ոգեկոչման ամբողջ արդիականությունը: Դա միայն պատմության հարց չի, դա Թուրքիայի այսօրվա քաղաքականության հարց է, քաղաքականություն, որն արտացոլվում է ինչպես Հայաստանի դեմ վարած քաղաքականությամբ, Հայաստանի շրջափակմամբ, այդպես էլ նման դրսևորումների միջոցով: Ասել, որ եղել են զոհեր, նախորդ տարվա ապրիլի 23-ին փորձել ձևական մի ուղերձ հղել, իսկ հաջորդ տարի փաստաթղթեր ուզել, ուղղակի ցույց է տալիս այդ քաղաքականության ցինիկ հիմքն ու հայտարարությունների հետևում կանգնած կեղծավորությունը»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում