Բուենոս Այրեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

2 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Մայր տաճարում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մարտի 19-ին մատուցվել է Սուրբ պատարագ` 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին ներկա են եղել Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքներիհարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգևոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական և ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Պատարագի ընթացքում կատարվել է էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ:

Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին Հայոց ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար կատարված աղոթքի, ինչպես նաև այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաև ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուենոս Այրեսի մայր տաճարում տեղադրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում