Փակ սահմանների պարտադրումը միմյանցից վանում է տարածաշրջանի ժողովուրդներին. ՀՀ ԱԳ փոխնախարար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունից հրաժարվելը, փակ սահմանների պարտադրումը և շրջափակումը քաղաքական լուծումներ չեն ստեղծում: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Ընդհակառակը, դրանք վանում են իրարից տարածաշրջանի ժողովուրդերին, ոչնչացնում են նրանց վստահությունը և հավատն առ խաղաղություն: Մենք հավատացած ենք, որ Եվրոպական Միության համար կարևոր է արձագանքել իր գործընկեր պետությունների կենսական շահերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նազարյանը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են խոցելիություն առաջացնել տարածաշրջանային անվտանգության համար, որն ունի առավել լայն՝ համաեվրոպական հետևանքներ: «Արդեն շուրջ երկու տասնամյակ է Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ այդ եղանակով խոչընդոտելով ոչ միայն միջժողովրդական շփումներին, ինչը շատ կարևոր է հաշտեցման համար, այլ նաև արգելափակելով Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիները դեպի Եվրոպական Միություն»,- ընդգծեց Նազարյանը:
Հայաստանը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը՝ վերանայել Արևելյան գործընկերության ծրագիրը, ինչը կարևոր հնարավորություն է տալիս խորհել և վերլուծել անցյալի փորձը, հասկանալ այն առաջնայնությունները, որոնցով պետք է օժանդակել ԵՄ անդամ պետությունների պրակտիկ գործողություններին, որոնք միտված կլինեն մնայուն խաղաղության հիմքերի ամրապնդմանը: