Քաղաքականություն

21-րդ դարի վերջին փակ սահմանի պատճառը հայկական կողմը չէ. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

21-րդ դարի վերջին փակ սահմանի պատճառը հայկական կողմը չէ. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ձախողված այս փորձի մեջ էլ կա օգտակարություն. միջազգային հանրությունը հասկացավ, որ 21-րդ դարի վերջին փակ սահմանի պատճառը հայկական կողմը չէ: Այս մասին թուրք լրագրողի հարցին ի պատասխան` հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ: «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում: Մեզնից որևէ մեկը չի լքելու այս տարածաշրջանը, մենք չենք ընտրել այս տարածաշրջանը մեր ժողովրդի համար, ոչ էլ Էրդողանը, ուստի պետք է կարողանանք ըմբռնել ու հասկանալ, ճիշտ գնահատել մեր անցած ճանապարհը ու առերեսվել մեր պատմությանը` և մենք, և թուրք ժողովուրդը»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի կողմից Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչը չի վերացնում երկու երկրների միջև հաշտության հնարավորությունը: «Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելով` ես չեմ սպանել դրանք, և հաշտության պատուհանը չեմ փակել: Դա իրավական ակտ չէր, այլ քաղաքական ակտ էր, որովհետև իրավական ակտը պահանջում էր հրամանագիր, որով ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրություններից: Այս քայլով ցանկանում էի ևս մեկ անգամ այն երկրների ուշադությունը հրավիրել Թուրքիայի իշխանությունների գործողություններին, ովքեր մեզ սատարում էին, ովքեր համոզված էին, որ եթե առանց նախախայմանների փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, կստացվի, բայց ինչպես տեսանք, բոլորն էլ մեզնից լավ չէին ճանաչում Թուրքիայի ղեկավարներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախագահը:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին երկու արձանագրություններ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

Իսկ 2015թ. փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում