Մեքսիկայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մարտի 14-ին կայացած` Մեքսիկայի և ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքների համատեղ հանդիսությամբ պաշտոնապես մեկնարկել են Մեքսիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը ներկա են եղել մեքսիկացի մտավորականներ՝ արվեստի, գիտության գործիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է Մեքսիկայում 2015թ. մարտից նեյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Մարտի 15-ին Մեխիկոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվել է Սուրբ պատարագ, որը նախագահել է Մեքսյիկայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Նորբերտո Ռիվերան: Պատարագին մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը և Լատինական Ամերիկայի հայ Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը:
Պատարագի ավարտին Մեքսիկայի հայ համայնքի անունից Մեխիկո քաղաքին է նվիրվել հայկական խաչքար, որն այսուհետև կպահպանվի Քաղաքակրթությունների Մեքսիկայի ազգային թանգարանում: Խաչքարի զետեղման արարողության ընթացքում ելույթ են ունեցել դեսպան Հովհաննիսյանը, Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը, Մեքսիկայի Ազգային թանգարանի տնօրեն Կառլոս Վակեսը, ինչպես նաև Կալիֆորնիայից հատուկ ժամանած, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:
Պատարագը լայնորեն լուսաբանվել է մեքսիկական ԶԼՄ-ներում: