Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսեց հայերեն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեսկին «Եվանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում մի քանի նախադասություն արտաբերեց հայերեն` որպես շնորհակալություն՝ պատվիրակությանը ջերմ ընդունելու համար: Նա նաև հայերեն ընդգծեց, որ իրենք հիշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը Հայաստանում անցկացնելը շատ կարևոր իրադարձություն է զարգացող գործընկերության շրջանակներում: Չառնեսկին հայկական կողմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, հյուրասիրության և չորրորդ լիագումար նիստը կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցանկանում է մի քանի խոսք ասել հայերեն:
«Շնորհակալություն Ձեր հյուրընկալության համար: Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի երկար պատմություն և մեծ մշակութային ժառանգություն: Մենք ողջունում ենք հպարտ հայ ազգին և հիշում ձեր ազգի ողբերգության 100-րդ տարելիցը»,- հայերեն նշեց Չառնեսկին:
Ռիչարդ Չառնեսկին վեհաժողովի լիագումար նիստի մասնակիցների համար ընթերցեց ԵԽ նախագահ Մարտին Շուլցի ուղերձը, որի մեծ մասը հիմնականում վերաբերում էր Ուկրաինայի հակամարտությանը: Մարտին Շուլցը իր մտահոգությունն էր հայտնել նաև, որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել լիագումար նիստի աշխատանքներին: