ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
«Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձևավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ, փորձագետների գնահատմամբ, դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Փորձագետների եզրակացության համաձայն՝ ներկայացված ինքնաձիգը 1981թվականի գործարանային արտադրության 5.45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5.45x39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5.45մմ (5.45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք։
Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5.45մմ (5.45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։