Քաղաքականություն

Դերսիմում Ցեղասպանությունը կհիշատակեն այն կիրճում, որտեղ հարյուր տարի առաջ նետել են հայերին

2 րոպեի ընթերցում

Դերսիմում Ցեղասպանությունը կհիշատակեն այն կիրճում, որտեղ հարյուր տարի առաջ նետել են հայերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, թեպետ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, սակայն աստիճանաբար դա անելը պետության համար շատ ավելի բարդ է դառնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դերսիմահայ Միրան Փրկիչը:

Նա փաստեց, որ Թուրքիայում գործընթացներն ակնհայտորեն նպաստում են նրան, որ երկրում շարունակեն վերանալ տաբուները: «Ակնհայտ է, որ այս իրավիճակը առաջիկայում Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու տեսանկյունից Թուրքիային ավելի վատ իրադրության մեջ է թողնելու, քանի որ իսլամացած հայերն էլ արդեն սկսել են թուրքական հասարակությունում ակնհայտորեն բացահայտել իրենց»,- ասաց Փրկիչը, ով ևս վերջին տարիներին մկրտված և քրիստոնեություն ընդունած հայերի շարքում է:

Դերսիմահայը նկատեց, որ սեփական պատմության հետ առերեսվելով` Թուրքիան չի լինի ավելի ուժեղ, սակայն կդառնա ավելի ժողովրդավար: Նա համոզմունք հայտնեց նաև, որ ներկայիս Թուրքիայի սահմանների ներսում բնակվող այլազգիներն իրականում ավելի շատ են, քան թուրքերը:

Փրկիչը հայտնեց, որ այս տարի ապրիլի 24-ին «Դերսիմի հայերի և ալիևիների միություն» կազմակերպությունը նախկին Խարբերդի վիլայեթի Խոզաթ (ներկայում Հոզաթ) գյուղաքաղաքի Քայըշօղլու կիրճում հիշատակելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա հավելեց, որ հիշատակման վայրի ընտրությունը պատահական չի արվել. նույն այդ կիրճում է, որ 1915 թվականին շատ հայեր են ցած նետվել և սպանվել: Փրկիչի խոսքերով` հենց այս վայրում հիշատակի արարողություն իրականացնելը կարևոր կարող է լինել նաև Դերսիմի ներկայիս բնակիչների` կատարվածի հետ առերեսվելու տեսանկյունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում