Քաղաքականություն

Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիայի` ԵՄ անդամակցությունն այլևս արդիական չի համարում

3 րոպեի ընթերցում

Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիայի` ԵՄ անդամակցությունն այլևս արդիական չի համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անդամակցության հարցն այսօր ներառված չէ Եվրոպական միության օրակագրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությանհամանախագահ Ջեմ Օզդեմիրը: «Երկու կողմերը, ցավոք սրտի, շատ հեռացել են իրարից: Իմ կուսակցությունը կողմ էր, որ Թուրքիային Եվրոպական միության անդամ դառնալու հնարավորություն տրվեր և նրան վերաբերվեին հավասարի պես` անկախ կրոնից, եթե Թուրքիան իրականացներ «Կոպենհագենյան չափանիշները»: Մենք կարծում ենք, որ կրոնը չափանիշ չի կարող լինել անդամակցության համար»,- ասաց Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորը:

Եվրոպական միության անդամակցության քաղաքական չափանիշներով` հավակնորդ երկրից պահանջվում է ապահովել ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանության կայունությունը: Ջեմ Օզդեմիրը միաժամանակ նկատում է` ԵՄ-ին միանալուց առաջ Թուրքիայում պետք է լուծվեն նաև խոսքի ազատության խնդիրները: «Թուրքիայի քաղաքացիները պետք կարողանան ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանել: Խոսքի ազատության իրավունքը ենթադրում է նաև կարծիքների բազմազանություն: Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ նրա արտահայտած հայացքների ու կարծիքների համար, քանի որ նա ցանակնում էր փոխել Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիայի շահերից է բխում նաև Հայաստանի հետ սահմանի բացումը, քանի որ «բաց սահմանի պարագայում շատ ավելի հեշտ է բանակցել, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությանհամանախագահ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության կազմում է նաեւ նույն կուսակցության անդամ տիկին Դելիգյոզը: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Օզդեմիրը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին` խոսելով Թուրքիայի ու Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում