Եվրախորհրդարանի զեկույցը ԵՄ երկրներին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին` մասնավորապես հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:
Եվրոպական խորհրդարանի զեկույցը ջերմորեն ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵԲ կազմակերպությունից, ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:
Եվրոպական խորհրդարանի ընդունած տեքստը, մասնավորապես, ուշադրության տակ է վերցնում մարդու իրավունքների խնդիրը ԵՄ գործընկերների հետ հարեբերությունների համատեքստում: Զեկույցի առաջին պարբերության մեջ նշվում է, որ «Եվրոպական միության հիմնարար իրավունքների կանոնադրության նախաբանը հաստատում է, որ ԵՄ-ի գործունեության առանցքում գտնվում է անհատը և մարդկային արժանապատվությունը»: Զեկույցի մեջ ասվում է նաև, որ կատարողականի վրա հիմնված ավելին ավելինի դիմաց սկզբունքը պետք է լինի ԵՄ-ի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հիմքում, համաձայն որի, ԵՄ-ն գործընկեր երկրներին պետք է համագործակցության առավել բարձր կարգավիճակ շնորհի բացառապես մարդու իրավունքները և ժողովրդավարության նորմերը բավարարելու դեպքում: ԵՄ-ն նաև չպետք է վարանի այդ կարգավիճակը սառեցնել նշված պահանջների չբավարարման դեպքում:
«Գործնականում սա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները»,- մեկնաբանել է պարոն Լորենցո Օչոան:
«Այս երկու պարբերությունները հստակեցնում են, թե ինչու են զեկույցում պնդում, որ մարդու իրավունքների դրույթները ներառվեն ԵՄ միջազգային համաձայնագրերում, ներառյալ առրևտրի համաձայնագրերը: Այն նաև բացատրում է, թե ինչու է 215 պարբերությամբ հաշվետվությունն առավել ծավալուն՝ նույն հարցի վերաբերյալ անցյալ տարվա հաշվետվության համեմատ: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ-ն վերահաստատում է իր՝ արժեքների վրա հիմնված հեղինակությունը այս ծավալուն, սակայն հստակ հաշվետվությամբ»:
Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Այս պարբերություններով խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:
Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով և կհրատարակվի Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկա օրերին: