Տնտեսություն

Ընթացիկ տարի ակնկալվում է զբոսաշրջիկների 10 % աճ

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարի ակնկալվում է զբոսաշրջիկների 10 % աճ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարի ակնկալվում է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 10 % աճ 2014 թ. հետ համեմատությամբ, երբ Հայաստան էին այցելել 1 միլիոն 203 հազար 746 միջազգային զբոսաշրջիկ:

Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Անցած տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 11,3 %-ով ավելին էր 2013 թ. ցուցանիշից: Հայաստանում նաև գրանցվել է ներքին զբոսաշրջության աճ՝ տեղի է ունեցել 859 զբոսաշրջային այցելություն, ինչը 2013 թ. համեմատությամբ աճել է 28,4%-ով: Նպաստող գործոններից է նախորդ մի քանի տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը: Դրա արդյունքում Հայաստանում ավելանում է մատուցվող ծառայությունների քանակը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից վերադարձող մեկ գոհ զբոսաշրջիկը Հայաստան է բերում տասը ընկերների և բարեկամների», - ասաց Մեխակ Ապրեսյանը:

Խոսելով Հայաստանում զբոսաշրջության ծավալների ավելացման գործոնների մասին` Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետը կարևորեց ոլորտի դիվերսիֆիկացումը, ինչը թույլ է տալիս ունենալ բազմազան և հետաքրքիր զբոսաշրջային ծառայություններ, Հայաստանի գնալով ավելի ճանաչելի դառնալը համաշխարհային զբոսաշրջային ոլորտում, և Հայաստանում բաց երկնքի քաղաքականության հայտարարումը:

«Բաց երկնքի քաղաքականությունը հայտարարվել է ոչ այնքան վաղուց, սակայն դրա ազդեցությունն արդեն ակնառու է: Նկատելի է ավիատոմսերի գների նվազում, ավիաչվերթների ավելացում», - նկատեց Մեխակ Ապրեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում