Զոհրաբ Մնացականյանը Բան Կի Մունին է հանձնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին մարտի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով դեսպան Մնացականյանին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր է գնահատել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց:
Զոհրաբ Մնացականյանը Բան Կի Մունին տեղեկացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում 2015թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Դեսպան Մնացականյանի կողմից ընդգծվել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես, շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկները: Դեսպան Մնացականյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը և դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին: