Բժշկական օգնություն Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական օգնության և սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձևավորել հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ ականատես-վերապրողներին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը, կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն: Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական, իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռ 2014թ.: 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա Սիլվարդ Ատաջյանի ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում:
Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը: Սոցիալական պատասխանատվության բարձրացմանը միտված այս նախաձեռությունը շարունակական կլինի և առաջիկայում կստեղծվի նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով:

