ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստվում է առաջիկա ուրբաթ օրը ընդունել Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Այդ մասին Կոստանյանը տեղեկացրեց կառավարության նիստից հետո: Լրագրողի խնդրանքով անդրադառնալով Ռուսաստանի իր գործընկերոջն ուղարկած դիմումին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ դիմումի փաստն ինքնին չի կարող երաշխավորել արդյունքը, որովհետև հարցն ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ և, հետևաբար, ՀՀ գործողություններով չի կարող պայմանավորված լինել: «Ես բազմիցս ասել եմ, որ երկկողմ հարաբերություններն առնվազն միջազգային պայմանագրերով են կարգավորված, և հայկական կողմն իր օրենսդրության ընթացակարգերին համապատասխան իրացրել է իր հնարավորությունները: Ռուսական կողմից ստացվող արձագանքի արդյունքում դատախազությունը կքննարկի հետագա քայլերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Կոստանյանի խոսքով՝ պատասխանը կարող է վերջ չդնել ընթացակարգին, որովհետև դրան կարող են հետևել բազմաթիվ այլ ընթացակարգեր, հետևաբար դրանց արդյունքների մասին շատ վաղ է խոսել: «Պետք չէ խոսել ժամկետային սահմանափակումների մասին: Մեր Սահմանադրությամբ քաղաքացիների դիմում-բողոքների պատասխանի ժամկետը 30 օր է, իսկ միջազգային պայմանագրերով որևէ ժամկետ սահմանված չէ, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի կարող ներազդել որևէ պետութան վրա՝ ժամկետի առումով»,- նկատեց Կոստանյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք բարոյական չէ պաշտոնից հրաժարականի դիմումը՝ հաշվի առնելով տրված խոստումները, Կոստանյանն ասաց. «Իմ կենսագրության մեջ թե պաշտոնական, թե զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով»:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: