Իրավունք

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, Վրաստանում է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին: Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում:

Նախարարները, կարևորելով հուշագրի ստորագրումը, փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է: Առավել մեծ կարևորություն է տրվել հուշագրից բխող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքային օրակարգի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում գործընկերները շեշտել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության կարևորությունը, ինչը խթանելու է դատաիրավական ոլորտի զարգացումն ու դրա հետագա կատարելագործումը: Նախարարները գլխավոր առաջնահերթություն են համարել արդարադատության համակարգերում փորձի փոխանակումը՝ ընդգծելով բաց համագործակցության անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա պրակտիկայում բացառել միմյանց սխալների կրկնությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում