Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 24-ին Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որտեղ կկայանա ոգեկոչման պատարագ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Իսրայելի հանձնախմբի նախագահ Ժորժետա Ավագյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոստացել է այդ օրն այցելել եկեղեցի եւ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց Ցեղասպանության մասին ելույթ ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան եւ Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ միջոցառումների ժամանակ Իսրայելի այլ պաշտոնատար անձանց մասնակցության հարցը հստակեցվում է:

Ժորժետա Ավագյանի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են հունվարից եւ կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 23-ին Երուսաղեմում կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին հայերի, հույների եւ կաթոլիկների մասնակցությամբ տեղի կունենա կումունիկե աղոթք եւ պատարագա: Հոգեհանգստյան պատարագներ տեղի կունենան նաեւ Իսրայելի այլ խոշոր քաղաքներում:

Իսրայելի բազմաթիվ համալսարաններում ողջ տարվա ընթացքում կկայանան դասախոսություններ, գիտաժողովներ ու ելույթներ:

«Նոյեմբերին Իսրայելի Բաց համալսարանում կկայանա դասախոսություն ցեղասպանագետ Յաիր Աուրոնի նախաձեռնությամբ»,- ասաց Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ տարվա ընթացքում նախատեսվում է բազմաթիվ գրքերի հրատարակություն, ցուցահանդեսների անցկացում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում