Բեյրությում ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության զոհերի մատոցվել է Պատարագ և հոգեհանգստան կարգ

3 րոպեի ընթերցում

Բեյրությում ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության զոհերի մատոցվել է Պատարագ և հոգեհանգստան կարգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մարտի 1-ին մատուցվել է Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվել հագեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը խոսել է հայ բնակչության հանդեպ Սումգայիթում կատարված անմարդկային ոճրագործության մասին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Ումուդյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Ռաֆայել Ումուդյանը նշել է, որ սումգայիթյան եղեռնագործությունը մանրապատկերն է Հայոց ցեղասպանության և անպատժելիությունն, ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում է նոր ջարդերի և էթնիկական զտումների:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում նշել է, որ 27 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած եղեռնագործությունը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էր Խորհրդային Միության տարածքում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքն ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Դեսպանի խոսքով` ներկայում Արդրբեջանի իշխանությունները շարունակում են ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը և հակահայկական քարոզչությունը` ռազմատենչ հայտարարությունների, սահմանային սադրիչ ոտնձգությունների, զինադադարի խախտումների և պատմական փաստերի խեղաթյուրման եղանակով: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ միայն միասնական կամքով և հավաքական ուժով կարելի է հզորացնել Հայրենիքը և ապահովել բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:

Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև զետեղվել են ծաղկեպսակներ:

Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ակաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթի եղեռնագործության անմեղ զոհերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում