ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:
Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ ժամանակակից հեղինակներ
Զարուհի Բաթոյան, «Անմոռուկ»
Զարուհի Բաթոյանի առաջին բանաստեղծությունների ժողովածուն կրում է նրա ստեղծագործություններից մեկի անունը: «Անմոռուկ» գրքում տեղ են գտել հեղինակի՝ 2006-2014 թվականներին գրված շուրջ 100 բանաստեղծությունները: Գրքի խմբագիրն է Հասմիկ Հակոբյանը: Այն հրատարակել է «Արմավ»-ը:
Լուսանկար- գիրք
Թամար Հովհաննիսյան, «Չտեսնված Մհերը»
Հայտնի դերասանուհի և բեմադրիչ Թամար Հովհաննիսյանը հանրությանը ներկայացրել է «Չտեսնված Մհերը» լուսանկար-գիրքը: Գրքում առաջին անգամ տպագրվել են բացառիկ լուսանկարներ և տեղեկություններ Մհեր Մկրտչյանի մասին, ըստ որոնց հանարահայտ արտիստը ներկայանում է առանց գրիմի, պաթոսի և կեղծ միֆականացման: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Մանկական գրականություն
Ջաննի Ռոդարի, «Հեքիաթներ հեռախոսով»
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ: Թարգմանությունը` Վահե Հակոբյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը