Իրավունք

Երեմ Սարգսյանը կողմ է Ավետիսյանների սպանության գործին նոր փաստաբանների ներգրավմանը

3 րոպեի ընթերցում

Երեմ Սարգսյանը կողմ է Ավետիսյանների սպանության գործին նոր փաստաբանների ներգրավմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը կողմ է Ավետիսյանների սպանության գործին նոր փաստաբանների ներգրավմանը: «Լրացուցիչ փաստաբաններին գործին ներգրավելու հարցը մենք Գյումրիում միասին քննարկել ենք, և բոլորս եկել ենք այն եզրակացության, որ ինչքան շատ մտքեր լինեն, այնքան գործին օգուտ է,ու այս հարցերը բազմիցս քննարկվել են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց նա և հավելեց, որ մի քանի ժամ առաջ այդ հարցը քննարկել է իր վստահորդների հետ (միայն տիկին Ռիտայի հետ չի հաջողվել կապ հաստատել), և նրանք ցանկանում են, որ ինքը շարունակի իր աշխատանքը:

Սարգսյանը նկատեց, որ ինքը տեղյակ չէր, որ տուժողների իրավահաջորդները պատրաստվում էին Շիրակի դատախազություն գնալ: «Ես դատական նիստի է, որից հետո միայն ինձ տեղեկացրեցին տեղի ունեցածի մասին: Բացի այդ, ես ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր այն տեղեկություններին, որ ես գիտեմ նախաքննական մարմնից, ամբողջությամբ տիրապետում են նաև տուժողների իրավահաջորդները: Շաբաթ օրը ես Գյումրիում էի և մոտ 2,5 ժամ նրանց հարցերին էի պատասխանում»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ հասկանում է տուժողների իրավահաջորդների հուզական վիճակը, քանի որ նրանք օր առաջ ուզում են իմանալ, թե իրականում ինչ է եղել, Պերմյակովը միայնա՞կ է եղել, թե` ոչ, ո՞րն էր նրա դրդապատճառը: Շահերի պաշտպանն այդ հարցերի պատասխանը չունի, քանի որ իրավասու մարմինները իրեն այդ տեղեկությունները դեռևս չեն հայտնել ու իր հարցումներին նրանք պատասխանում են , որ չունեն նման տեղեկատվություն:

Ավելի վաղ`Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները ներս էին մտել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ, պնդում էին, որ չեն լքելու շենքը մինչև չստանան իրենց հուզող մի քանի հարցի պատասխան: Նրանք իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորդ Կոստանյանից:

Ակցիային ներկա էին նաև գործով տուժողների իրավահաջորդները, Ավետիսյանների ընտանիքի դուստրերը, ընտանիքի մայր Հասմիկ Ավետիսյանի քույրերը: Նրանք դժգոհել են իրենց իրավունքների պաշտպան Երեմ Սարգսյանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում