ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները Շիրակի մարզի դատախազությունում են: Նրանք ներս են մտել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ, պնդում են, որ չեն լքելու շենքը մինչև չստանան իրենց հուզող մի քանի հարցի պատասխան: Նրանք իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ՀՀ գլխավոր դատախազ Գևորդ Կոստանյանից:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` չնայած մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հորդորում է հանգստացնել կրքերը եւ լքել դատախազության շենքը` նրանք չեն համաձայնում: Ասլանյանը նշում է, որ հասկանում է Ավետիսյանների վիշտը եւ ըմբռնումով է մոտենում նրանց, սակայնինքը չի կարող որևէ բան պատասխանել, քանի որ գործը չի գտնվում մարզի դատախազության վարույթում:
Ակցիային ներկա են գործով տուժողների իրավահաջորդները, Ավետիսյանների ընտանիքի դուստրերը, ընտանիքի մայր Հասմիկ Ավետիսյանի քույրերը: Նրանք դժգոհ են նաեւ իրենց իրավունքների պաշտպան Երեմ Սարգսյանից:
Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը լքեց աշխատասենյակը` նշելով, որ գործերով անհրաժեշտ է դուրս գալը, սակայն Ավետիսյանների հարազատները կրկին դուրս չեկան նրա աշխատասենյակից: Դատախազություն ժամանեց Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը, լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել հավաքվածների հետ նրա հանդիպմանը: