Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Голос» նախագծի մասնակիցը բարձրարվեստ կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի իր երկրպագուներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը տեղեկացրեց, որ Մերաբովան ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում: Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Համերգների կազմակերպմանը մասնակցում են նաև «Yerevan event»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունը:

«Բարձրակարգ ջազային երաժշտություն լսող հանդիսատեսը կդիտի շատ հագեցած և հետաքրքիր համերգային շոու: Կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Մարիամը համերգի հանդիսատեսի համար պատրաստել է անակնկալ՝ նրա համերգային ծրագրում առաջին անգամ կհնչեն հայերեն երգեր»,-տեղեկացրեց Էմիլ Կարատը:

Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական կառույցների աշակերտներն ու ուսանողները:

«Երևանում իմ ամեն մի համերգի ես սպասում եմ անհասկանալի հուզմունքով: Լեգենդար բեմին կանգնելն իսկական երջանկություն է, մի դահլիիճում, որտեղ անցել է իմ մանկությունը: Հայաստանի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ իրադարձություն է իմ և ամուսնուս՝ Արմեն Մերաբովի համար: Իմ մանկության քաղաքում լինելն ինձ ոչ միայն ուղղակի վերադարձնում է իմ կյանքի սկիզբ, այլև իմ ժողովրդի արմատներին: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը»,-համերգների մասին ասում է Մարիամ Մերաբովան:Երգչուհին արդեն հանդես է եկել Հայաստանում՝ Երևանյան երաժշտական շաբաթի շրջանակում 2013 թվականին, և հասցրել է «Արմենպրես»-ին հարցազրույց տալ:

Ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվան դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres