Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեև ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց. Մարիամ Մերաբովա

Թեև ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց. Մարիամ 
Մերաբովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազային երաժշտության երկրպագուներին, անկասկած, ծանոթ է Մարիամ Մերաբովայի անունը: Թեև Հայաստանում Մերաբովային դեռ այնքան էլ լավ չեն ճանաչում, բայց վստահ ենք` «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի սեպտեմբերի 29-ի ջազային երեկոյից հետո երգչուհու երկրպագուների թիվը Հայաստանում կաճի: «Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է Մարիամ Մերաբովայի հետ և զրուցել Հայաստանի, «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծի և երգչուհու տպավորությունների մասին:  

- Մարիամ, Դուք մի քանի տարի Հայաստանում չեք եղել: Ի՞նչ եք զգում ձեր հայրենիք ոտք դնելուց հետո:

- Հրաշալի տրամադրություն ունեմ, որովհետև կրկին իմ հայրենիքում եմ: Բացի այդ, գտնվում եմ Արամ Խաչատրյանի դահլիճում, որտեղ կարծես թե մեծացել եմ, քանի որ մանկությունս անցկացրել եմ Թումանյան փողոցում և խաղացել եմ Կարապի լճի շրջակայքում: Անմոռանալի օրեր էին: Այն ամենն, ինչ մանկության ընթացքում է քեզ հետ տեղի ունենում, հիմք է դառնում ամբողջ կյանքի համար: Ես հուզմունք եմ ապրում այս հռչակավոր համերգասրահի  բեմում գտնվելիս, որովհետև այս բեմը հյուրընկալել է շատ հռչակավոր մարդկանց:

- Ի՞նչ կարծիք ունեք «Երևանյան երաժշտական շաբաթ» փառատոնի մասին:

- Սքանչելի փառատոն է: Հայաստանը եղել և մնում է աշխարհի մշակութային երկրներից մեկը: Ես սովետական մարդ եմ, հարգելով ցանկացած պետության անկախությունը` համարում եմ, որ ընդհանուր երջանկությունը միասնության մեջ է: Կարծում եմ, որ այն ինչ արել են կազմակերպիչները` Էմիլ Կարատն ու Զառա Մխեյանը, պարզապես լավ աշխատանք է: Սա հրաշալի մշակութային շաբաթ է: Նման միջոցառումները կարևոր «ներարկումներ» են մեր ժողովրդի մշակութային աեօրյայում: Շատ ուրախ եմ, որ միջոցառումն անցկացվում է նաև ռուսերենով, և մասնակիցները գիտեն այս լեզուն: Կարծում եմ, որ հայ-ռուսական բարեկամությունը ոչ մի դեպքում կորցնել պետք չէ:

- Տեղյակ եմ, որ Էմիլ Կարատի հետ վաղուց եք համագործակցում:

- Էմիլն իմ ընկերն է, և ես շատ եմ գնահատում նրան և նրա արվեստը: Մշտապես ուրախանում եմ, երբ նա կարողանում է ի կատար ածել իր գաղափարները, որովհետև այն ամենը, ինչ նա ունի իր մտքում, միշտ հետաքրքիր է: Նման ստեղծագործող մարդկանց համար մի խնդիր է առաջանում՝ ով կօգնի և կօժանդակի գաղափարի առաջխաղացմանը: Մաղթում եմ, որ նրա բոլոր գաղափարներն ի  կատար ածվեն:

- Տեսեք, Հայաստանում Ձեզ ճանաչում ենք միայն Youtube-ի կամ մալուխային հեռուստատեսության շնորհիվ: Ինչո՞ւ համերգներով Հայաստան հաճախ չեք այցելում:

- Մենք մեծ հաճույքով կգանք Հայաստան, եթե հրավերներ լինեն:  Մեր գրաֆիկը միշտ ազատ է Հայաստանի համար: Միայն մի ցանկություն ունեմ, որ ջազն այստեղ գտնի իր ունկնդիրներին, որովհետև միայն ռաբիսով մարդ չի ապրի: Շատ կցանկանայի, որ մեր երաժշտական մակարդակը նորից բարձրանար և հասներ այն մակարդակին, որ եղել է իմ մանկության ժամանակ: Ես կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Էդուարդ Միրզոյանի տանը. նրա ընտանիքի հետ մինչև օրս կապի մեջ եմ: Ավա՜ղ, մաեստրոն մեկ տարի առաջ հեռացավ կյանքից: Թեև ես ապրում եմ Մոսկվայում, բայց ոչ մի վայրկյան չեմ դադարում հայ լինելուց և մեծ ցավ եմ ապրում, երբ Հայաստանում տեսնում եմ, թե ինչպես են վնասում իմ երկրին` ճարտարապետությունից մինչև երաժշտություն: Լավ կլիներ, որ կառավարությունը մի օր հասկանար, որ պետությունը ոչ այնքան բնական պաշարներով և առևտրով է դառնում հայտնի, այլ հոգևոր, մշակութային արժեքներով, որոնցով պետք է հպարտանալ:

Ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան հատկապես հայտնի է Ռուսաստանում: Ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվ. դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում, իսկ Հայաստանում այն առաջին անգամ գտավ իր ունկնդրին:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]