ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրի քաղաքում հունվարի 12-ինՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 2015թ. փետրվարի 3-ին տարածել է սպառիչ հաղորդագրություն: «Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,-նշվում է դատախազությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: