ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:
Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակներ
Արտակ Վարդանյան, «Զամբիլֆրոշ»
Գրքույկում տեղ է գտել քրդական ժողովրդական հանրահայտ «Զամբիլֆրոշ» սիրավեպի հայերեն առաջին գրական մշակումը: Պոեմի նախնական բանահյուսական տարբերակները գալիս են դեռևս միջնադարից: Այն գողտրիկ մի պատմություն է զամբյուղավաճառ գեղեցիկ պատանու մասին, ում տենչում է դղյակի ջահել տիրուհին՝ Էմիրի կինը: Սակայն պատանին չի տրվում տիրուհու հմայքին: Ողջ սիրային թնջուկը ձևավորվում է բարոյական պարտքի և կրքի հակադրության վրա: Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ»-ը:
Ժամանակակից գրականություն
Ստանիսլավ Լեմ, «Սոլարիս»
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտական ֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: Լեհերենից թարգմանությունը՝ Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Համաշխարհային դասականներ
Նիկոլայ Գոգոլ, «Երկեր»
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսել գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա», «Շինել» և «Ռևիզոր» ստեղծագործությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ռուս, այլ նաև համաշխարհային գրականության պատմության մեջ:
Գոգոլի ստեղծագործություններն աչքի են ընկնում քնարականությամբ, հերոսների ռոմանտիկ ոգեշնչվածությամբ և իրադրությունների պատկերման սուր երգիծանքով: «Շինել» պատմվածքում Գոգոլը նկարագրել է ճղճիմ ու փոքրոգի մարդկանց, մարդկային խեղճությունը, «Տարաս Բուլբա» վիպակում ժողովրդին ներկայացնում է որպես պատմությունը կերտող հերոսի և ազգային ինքնագիտակցությունը կրողի: «Ռևիզոր» կատակերգությունում սուր և անողոք քննադատության է ենթարկել ռուս չինովնիկներին, ծաղրել է այդ խավի կենցաղը, գործելաոճը: Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը