Իրավունք

Բջջային օպերատորներից ստացվել են Պերմյակովի օգտագործած հեռախոսահամարների զանգերի վերծանումները

4 րոպեի ընթերցում

Բջջային օպերատորներից ստացվել են Պերմյակովի օգտագործած հեռախոսահամարների զանգերի վերծանումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և Վալերի Պերմյակովի կողմից դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները` դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչև Վալերի Պերմյակովի հայտնաբերումը:

Վերը նշված հեռախոսահամարների վերծանումներն ուսումնասիրվում են, հարցաքննվել և հարցաքննվում են ելքային և մուտքային հեռախոսազանգերի բաժանորդները:

Ուսումնասիրվել են Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցրած հեռախոսահամարների, այդ թվում՝ 2015թ. հունվարի 11-ին և 12-ին կատարված ելքային և մուտքային հեռախոսազանգերը:

Ավետիսյանների տանից վերցված բջջային հեռախոսներում գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն, այդ թվում SMS հաղորդագրություններ պարունակելու վերաբերյալ տվյալներ ստանալու, ինչպես նաև ջնջված տեղեկատվություն վերականգնելու և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով քրեական գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

Քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում Վալերի Պերմյակովին պահակային ծառայության նշանակելու, նրա կողմից զորամասը լքելու, ինչպես նաև ՌԴ-ում ծառայության ընթացքում Վալերի Պերմյակովի կողմից ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու համար նախաձեռնություն ցուցաբերելու հանգամանքները: Այս հարցերի շուրջ հարցաքննվել են նշված զորամասի մեկ տասնյակից ավել զինծառայողներ և հրամանատարներ, համապաասխան հարցումներ են ուղարկվել իրավասու մարմիններին: քննությունն այդ մասով եւս շարունակվում է:

Ինչ վերաբերում է Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքով կրակոցներ արձակելու վարկածին, ապա թեև նախաքննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել՝ Վալերի Պերմյակովի կողմից խլացուցիչ զենքից կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն հնարավոր բոլոր վարկածներն ստուգելու և չփարատված կասկած չթողնելու նպատակով բավարարվել է փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը և փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետևյալ լրացուցիչ հարցադրումը, թե դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողի կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել:Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում