Քաղաքականություն

ՀՀԿ-ն կհավատա միայն Ռոբերտ Քոչարյանի բարձրաձայն հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն կհավատա միայն Ռոբերտ Քոչարյանի բարձրաձայն հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համաժողովը ցույց տվեց, որ տգիտությունը, անգրագիտությունը, սանձարձակությունը և լկտիությունն այլևս սահմաններ չեն ճանաչում: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիսիտց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Երբ սկսում են անձնական վիրավորանքներ հասցնել, կպնել մեր ինքնասիրությանը, դա արդեն չի կարող քաղաքական քննարկումների դաշտում լինել: Խորհրդաժողովի ընթացքում բազմաթիվ անգամ հնչել է թուլամորթ իշխանություններ արտահայտությունը, ինչը մեզ համար վիրավորական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Նա նկատեց, որ ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում բոլորը միաձայն պաշտպանել են այն ելույթը, որը հնչեցրել է ՀՀ Նախագահը: «Մենք քաղաքական ուժ ենք և ունենք մեր որոշումները կայացնելու իրավունք: Դրա համար եղավ գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ բոլորը միաձայն պաշտպանեցին Նախագահի ելույթը, որը նա հնչեցրել էր նախ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում»,- ասաց պատգամավորը:

Հովհաննես Սահակյանն այն կարծիքին չէ, որ Գագիկ Ծառուկյանն այսքանից հետո ի վիճակի կլինի բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել, քանի որ արդեն իսկ իրերը սկսել են կոչել իրենց անուններով: «Իհարկե, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ժողովուրդն է որոշում, թե որ քաղաքական ուժի հետևից գնա: Անձամբ ես, լինելով Սպիտակի շրջանի ՀՀԿ խորհրդի ղեկավար, չեմ տեսնում նման տրամադրություններ, որ Սպիտակում պետք է լինեն բազմահազարանոց միտինգներ: Իսկ Երևանում հարթակային քաղաքականությամբ զբաղվողները երբեք չեն կարող հասկանալ, թե մարդիկ մարզերում ինչ խնդիրներ ունեն և ինչ են ուզում: Այդ մենք ենք, որ պարբերաբար շփվում ենք մարզերի բնակիչների հետ, փորձում ենք հասկանալ նրանց խնդիրները և լուծում տալ դրանց»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում ՀՀ երկրորդ նախագահի վերադարձի մասին, Հովհաննես Սահակյանն այսպես պատասխանեց. «Պարոն Քոչարյանը նշել է, որ երբ վերադառնա քաղաքականություն, ինքը դրա մասին բարձրաձայն կհայտարարի, և մենք սպասում ենք այդ բարձրաձայն հայտարարությանը: Երբ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայն հայտարարի, որ վերադառնում է քաղաքական դաշտ, հետևաբար ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում