ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ավարտվեց բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում էին Գյումրիի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը հանձնել հայ իրավապահներին:
Ակցիան կազմակերպած «Միանում ենք» նախաձեռնության անդամ Գևորգ Սանոյանը լրագրոնղերի հետ զրույցում նշեց, որ սպանությունից ուղիղ մեկ ամիս է անցել, և իրենց պահանջը նույնն է. Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մեջ, պետք է հանձնվի հայ իրավապահներին: «Մենք նաև պահանջում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրապարակի Պերմյակովի գործի քննությունը հայ իրավապահներին հանձնելու պահանջով ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակը, որպեսզի հասարակության համար ամեն ինչ ավելի պարզ և թափանցիկ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Սանոյանն ընդգծեց, որ իրենք օրենքի շրջանակներում շարունակելու են պայքարը, քանի դեռ Պերմյակովը հայ իրավապահներին չի հանձնվել: «Հանրության մոտ դեռ շատ հարցեր կան, որոնք պատասխան չեն ստացել, ուստի մենք պահանջում ենք, որպեսզի Պերմյակովի գործի քննությունը լինի հրապարակային և թափանցիկ, իսկ դրանով պետք է զբաղվեն հայ իրավապահները: Մենք մինչև վերջ և օրենքի սահմաններում պայքարելու ենք, որպեսզի մեր պահանջներն ի կատար ածվեն»,- ընդգծեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազին, որում ձևակերպված են նրանց բոլոր պահանջները, ինչից հետո ցրվեցին: