Ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել Օսմայնան Թուրքիայի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտարարության նախագծում, մասնավորապես նշվում է . «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները,հայտարարում է որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»:
Որպես նախագծի հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացվող քաղաքականությունը որակավորվում է որպես ցեղասպանություն: Հիմնվելով այդ կոնվենցիայի վրա՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) 2007թ. որոշում ընդունեց, որտեղ նշվում էր, որ «1914-1923թթ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների՝ հայերի, ասորիների, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների դեմ տարվող քաղաքականությունը հանդիսանում էր ցեղասպանություն»:
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ. Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:
Ցեղասպանագետները հայերի, հույների և ասորիների ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում դիտում են որպես մեկ քաղաքականության բաղկացուցիչ մասեր: Քաղաքականություն, որն ուղղված էր Փոքր Ասիան վերածելու միասնական մահմեդական, այնուհետև թուրքական տարածքի: