Պաշտոնական

ՀՀ Նախագահը կոչ է անում Ադրբեջանի ռազմատենչ քայլերի դեպքում իրերն իրենց անունով կոչել

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը կոչ է անում Ադրբեջանի ռազմատենչ  քայլերի դեպքում իրերն իրենց անունով կոչել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և,իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Նա ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական և ոչ կառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որպեսզի ԵՄ-ն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին և լարվածության աճին: Հանրապետության Նախագահի համոզմամբ, Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաև լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպից հետո տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ընդգծել, որ ԵՄ-ն կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն՝ զսպվածության և հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձ հղելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում